ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՆՈՐՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԱՇԽԱՐՀԻՆ. ԿԱՅԱՑԱՎ «ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանը և Արցախն աշխարհին ներկայացնելու համար: Այն թույլ է տալիս մրցույթի մասնակիցների պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

«Արմենիա» ավիաընկերության,  «Արմենպրես»  պետական լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռած մրցույթը նաև ժամանակակից լրատվությունում կհանրահռչակի տուրիզմը, կամրապնդի տուրիզմ-լրատվություն կապը:

Մարտի 19-ին կայացավ մրցույթի հաղթողներին մրցանակներ հանձնելու արարողությունը:

«Մենք նմանատիպ առաջին միջոցառումն ենք անցկացնում: Այս ծրագրում  մեզ աջակցեցին Զբոսաշրջության պետական կոմիտեն և «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Ի դեպ, սա «Արմենպրես»-ի հետ առաջին լուրջ համագործակցությունն էր, և հուսով եմ, որ համագործակցությունը ճիշտ ճանապարհի վրա է: Պատմությունների շարքում, մի դեպքում, Հայաստան այցելած զբոսաշրջիկն էր, մյուս դեպքում՝ նա, ում հետ պատահել է դեպքը: Վերջնական ընտրություն ենք կատարել արդեն իսկ ընտրված մոտ երեք տասնյակ պատմության մեջ»,-ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Մրցույթի գլխավոր մրցանակը Երևան-Բեյրութ- Երևան, կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղություններով անվճար ավիատոմսն էր: Թե ինչու է ընտրվել հենց Բեյրութը, Խաչատրյանը պարզաբանեց՝ այդ երկրում մեծաթիվ հայեր են բնակվում: «Դա այն երկիրն է, որտեղ կարելի է շփվել այն ամենի հետ, ինչը հայկական է՝ մշակույթը, պատմությունը, եկեղեցիները, անգամ՝ առևտուրը:  Հայերը մեծ ավանդ ունեն Բեյրութում»,-ասաց Խաչատրյանն ու հույս հայտնեց, որ  ուղևորությունը ճիշտ նպատակին կծառայի հաղթողների համար:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը մեծապես կարևորեց այս նախագիծը:

«Դրանով մի քանի խնդիրներ ենք կարողանում լուծել` Հայաստանի զբոսաշրջային գրավչության ավելացում, տուրիզմի և լրատվության կապի ամրապնդում, տուրիզմի հանրահռչակում և ժամանակակից լրատվության մեջ լրատվական արտադրանքը սպառողների կողմից բովանդակության ստեղծում: Սա նման համագործակցության առաջին փորձն էր, և, կարծում եմ, այն բավականին հաջողված էր»,-ասաց Անանյանն ու հավելեց, որ առաջիկայում պիտի փորձեն նմանատիպ այլ ծրագրեր ևս իրականացնել, որոնք ավելի գրավիչ կդարձնեն թե զբոսաշրջությունը, թե լրագրությունը:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ մրցույթի նպատակն էր ունենալ հնարավորինս հետաքրքիր պատմություններ: 

«Նաև, նպատակն էր դրանց հիման Հայաստանը, Արցախը, զբոսաշրջային արդյունքը թե ներքին, թե միջազգային շուկայի համար ավելի հետաքրքիր և դիվերսիֆիկացված արդյունքներով ներկայացնել: Եվ քանի որ դրա համար անհրաժեշտ էր կրեատիվ լուծում, որոշեցինք այդպիսի մրցույթ հայտարարել»,-ասաց նա:

Ապրեսյանի կարծիքով՝ մրցույթը հասավ իր նպատակին, հնչեցին բավականին հետաքրքիր մտքեր: Եվ առաջիկայում, օգտագործելով այդ պատմությունները, միգուցե ֆիլմ կամ պարզապես տեսանյութ պատրաստեն:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի երկու հաղթողներ Նանե Հայրապետյանն ու Մերի Զոհրաբյանը ստացան Երևան-Բեյրութ- Երևան կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղություններով ավիատոմսեր: Ուղևորության 50 տոկոսանոց զեղչի քարտեր ստացան նաև Աննա Գևորգյանը, Գայանե Սարգսյանը,  Լիանա Եղիազարյանը և Մհեր Տեր-Թադևոսյանը:

«Վաղուց էի պլանավորում այցելել Բեյրութ, և ամեն անգամ ինչ-ինչ հանգամանքներով չէր ստացվում: Երբ կարդացի մրցույթի մասին և տեսա, որ մրցանակն ուղևորություն է դեպի Բեյրութ, որոշեցի, որ անպայման պետք է գրեմ: Սակայն  մինչ մրցույթի ավարտի նախավերջին օրը չէի կողմնորոշվում, թե ինչ կարելի է գրել: Քույրս տվեց մտահղացումը: Եվ գրեցի պատմություն մեր գյուղի և Տաթևի մասին: Ներկայացրել եմ գյուղի ավտոբուսը, որտեղ ես էի, իմ ընտանիքը, գյուղի ժողովուրդը և ֆրանսիացի զբոսաշրջիկներ»,-ասաց մրցույթի հաղթող Նանե Հայրապետյանը:

Մյուս հաղթող Մերի Զոհրաբյանի խոսքով`որոշել է մասնակցել, քանի որ և գիտական շրջանակում, և տուրիզմի ոլորտում առնչվել է սփյուռքահայերի հետ և անընդհատ փորձել է հասկանալ, թե հայրենադարձությունն ինչու չի ստացվում:

«Այդ մտահոգությունների շրջանում սկսեցի ուսումնասիրություններ կատարել և շփվել արտերկրի հայերի հետ: Եվ հասկացա`մենք Հայաստանից, նրանք՝ այնտեղից կարող ենք ընդհանուր մի բան ստեղծել: Իմ պատմության առանցքն այն էր, որ պետք է ուժեղ զգալ և չկենտրոնանալ թուլությունների և անցյալի վրա: Անցյալը պետք է հիշել, կարևորել, սակայն չմնալ այդ կետում»,-նշեց նա:

Մրցույթի շրջանակում դեպի Բեյրութ գնալու զեղչի քարտ ստացած Լիանա Եղիազարյանը նշեց` իր պատմությունը ոչ միայն իր, այլ բոլորի ասելիքն էր: «Մի գողտրիկ վայրում՝ լեռան մեջ գտնվող հիասքանչ եկեղեցու մասին եմ գրել: Եթե չիմանաս դրա տեղը կամ դրա մասին հուշող ցուցանակները չլինեն, կանցնես դրա կողքով և անգամ չես էլ գուշակի, որ այդ լեռան մեջ մի հսկա եկեղեցական չքնաղ համալիր կա: Իմ պատմությունը պարզապես հորդոր և հրավեր է բոլորին՝ գնալ և Մարտիրոս գյուղում տեսնել այդ վիմափորը»,-նշեց նա:

Մրցույթը մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերի 21-ին: Ստացվել էին մի քանի տասնյակ պատմություններ: Պատմությունների միջոցով նորովի էր ներկայացվում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, բացահայտվում աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

Սկզբնաղբյուր՝ https://armenpress.am/arm/news/926781/hayastann-u-arcakhy-norovi-nerkayacnelov-ashkharhin-kayacav.html?fbclid=IwAR0pUIs9jhIFyAFDwoWCynYDs8osHC4_UMom7OVlGTeThatutfhdv60eyG8

 


28.02.2018 - Հարցազրույց «Արմենիա» ավիաընկերության  թռիչքային ծառայության պետ՝ Ալբերտ Կարապետյանի հետ

Մարտի 5-ին մեր օդաչուների  նոր խումբը մեկնել է նախնական վերապատրաստման, մեկը որպես օդանավի հրամանատար, մյուսը որպես օդաչու:

12.09.2018 - Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համայնքը

Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ: Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք  կատարողներն էլ հայերն են:

14.05.2018 - Նոր հրամանատար «Արմենիա» ընկերությունում: Օդաչուն լքել է Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) և վերադարձել Հայաստան

«Արմենիա» ավիաընկերության օդաչու Էդուարդ Կարապետյանը այսօր իր առաջին թռիչքն է կատարել հրամանատարի պաշտոնում՝ Boeing 737 ինքնաթիռով: 33տարվա փորձ ունեցող օդաչուն լքեց ՄԱԷ-ը և վերադարձավ հայրենիք, երբ աշխատանքի առաջարկ ստացավ «Արմենիա» ավիաընկերությունից: