Վարդագույն քաղաքի Վարդանը

Վարդագույն քաղաքի Վարդանը

Մեր փոփոխվող աշխարհի, փոփոխվող քաղաքի, փոփոխվող փողոցների ու խանութների, հեղափոխությունների ու մարդկային հարաբերությունների խաչմերուկում արդեն տասնհինգ տարի է ինչ Նալբանդյան - Սայաթ-Նովա խաչմերուկում անփոփոխ են միայն ծաղիկներ վաճառող Վարդանն ու իր ժպիտը: Եվ անկախ իր անցած տատասկոտ ուղուց, դժվար փորձություններից ու հարազատ եղբոր կորստից, նա մնաց բարի, աշխատասեր, սիրառատ, ժպիտ ու բարություն պարգևող մեր քաղաքի «Վարդերի Վարդանը»:

Վարդը աղբանոցում

Այնտեղ, ուր իրար են միանում Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցի երակները իր ծաղկազարդ փոքրիկ մոտոցիկլետով տարվա ցանկացած եղանակին գարուն-տրամադրություն է տալիս վարդաժպիտ Վարդանը: Վարդանի պատմությունը շատերին է հայտնի: Նրան ասում էին Նոր Կարաբալա, սակայն երևանցիները նրան կնքեցին ուրիշ անունով՝ Վարդերի Վարդան:

Դեռ տասներեք տարեկան չկար, որ մոր հիվանդությունն ու քրոջն ու եղբորը կերակրելու խնդիրը նրան դուրս բերեցին փողոց՝ գումար վաստակելու: Աշխատանքի ընտրությունը լայն չէր, վատ շրջապատ ընկնելու հավանականությունը՝ մեծ: Իսկ փողոցի լեզուն պարզ է և միաժամանակ դաժան: Զանազան աշխատանքներից հետո նա, ի վեջո, կանգ առավ ծաղիկ վաճառելու գեղեցկություն բերող գործին: Ծաղիկները պահելու տեղ չուներ՝ պահում էր այս կամ այն ծառի տակ, մեջք ու պաշտպան չուներ՝ անընդհատ ոստիկանությունը նրան հեռացնում էր կենտրոնի փողոցներից, զգուշացնում, որ փողոցում առևտուր չանի՝ զգուշանա մեքենաներից. չէր լսում, նորից վերադառնում էր փողոց: Մի անգամ բարկացած հատուկ ծառայության աշխատակիցը նրան տարավ Սովետաշեն ու իր ծաղիկների արկղով հանդերձ թողեց աղբանոցում: Մի պահ միայն ուսերը կախեց: Հետո մի մեքենա գտավ, խնդրեց իրեն հասցնել կենտրոն: Խոստացավ ծաղիկները վաճառել ու վճարել վարորդին:

Ընկերական ձեռքը ուսին....

Օպերայի մոտ նույն աշխատակիցը տեսավ նրան ու այս անգամ ավելի բարկացավ: Բռնեց ձեռքից ու տարավ Վալերի Օսիպյանի մոտ.

  • Պարոն Օսիպյան, էս երեխուն ուր տանում ենք հետա գալիս, էսօր էլ տարանք Սովետաշեն՝ մեզնից շուտ հետ եկավ..ի՞նչ անենք հետը, էլ չգիտեմ:

Տղան կուչ եկավ: ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալը մոտեցավ նրան, նայեց խորը, մի ամբողջ աշխարհ պարունակող բարի աչքերի մեջ, ձեռքն ընկերաբար գցեց ուսին ու ասաց.

  • Լավ երեխայա, էլ չնեղացնե՛ք: Այ տղա,-խոսքը ուղղեց Վարդանին,- կընկնես մեքենայի տակ, գոնե զգույշ եղիր:

Քաղաքի զավակը

Գործերը վատ չէին, նրան բարի մարդիկ հեծանիվ նվիրեցին: Հիմա տարբեր տեղեր շրջում էր հեծանիվով, բայց նորից մոտենում կարմիր լույսի տակ կանգնած մեքենաներին ու ծաղիկ առաջարկում: Եվ ահա վարորդներից մեկը չհասցրեց արգելակել ճիշտ ժամանակին ու... կոտրտված ծաղիկները թափվեցին ասֆալտին: Կոտրվածքներ, ուղեղի ցնցում և մինչև հիմա հիշողության մասնակի կորուստ: Երևանցիներն ու ոստիկանությունը այս անգամ էլ օգնեցին նրան, և նա ոտքի կանգնեց ու նորից գործի անցավ:

Աստծո պահպան աջը

«Աստված պահում է, նա ինձ սիրում է»,- ժպտալով ասում է Վարդանը, երբ ծաղիկներ է նվիրում ու ի պատասխան լսում «Աստված բալեքիդ պահի»: Ոստիկանության խրատները, իր ի ծնե բարությունը և Աստծո պահապան աջը նրան միշտ զգոն էին պահում և ստիպում, որ երբեք չշեղվի ճիշտ ճանապարհից: Քաղաքի զավակը միշտ պաշտպանված էր:

Փողոցը նրա համար դարձավ դպրոց, տուն ու ընկեր: Հիմա էլ, անդավաճան, նա շարունակում է իր սիրելի գործը Նալբանդյան - Սայաթ-Նովա խաչմերուկում, արդեն՝ քաղաքացիների նվիրած մոտոցիկլետով: Իսկ Նալբանդյան փողոցի բնակիչներն իրենց նկուղները տրամադրեցին Վարդանին, որ ծաղիկներն այլևս ծառերի տակ չպահի:

Ծաղկավաճառն ու անծանոթուհին

Փողոցը նրան տվեց մասնագիտություն, ընկերների ու ...սեր: Գարնանային մի ծաղկաշատ օր Վարդանը նկատեց նրան: Անծանոթուհին միանգամից գրավեց նրա ուշադրությունը: Արագ վաճառեց ծաղկեփունջն ու հեծանիվը ուղղեց դեպի նա:

-Ներեցեք, ձեր անունը էրիկա չէ՞,-ծանոթանալու ուրիշ ճանապարհը չգտնելով միանգամից ասաց Վարդանը:

-Ո՛չ, Դիանա:

Առաջին քայլն արված էր: Երկար համոզեց մի բաժակ սուրճ խմել: Ու այդ օրվանից նրանք անբաժան են: Դիանան ծաղիկներ չի սիրում: Բայց իր ծաղկավաճառ ամուսնուն նվիրել է երկու ծաղիկ՝ Մարկոսին և Ղուկասին:

Հիմա ընտանիքը վարձով է ապրում: Վարդանն ամեն օր դուրս է գալիս աշխատանքի, վաստակում հանապազօրյա հացն ու քիչ, թե շատ օգնում քրոջն ու մորը: Սակայն Աստծուն փառք տալով, անծանոթին ժպտալով, ոստիկանությանը երախտապարտ լինելով ամեն օրվա համար նա շնորհակալ է, ու սրտում պահում է վաղ մանկությունից, որտեղից որտեղ ի հայտ եկած երազանքը, որը շուտով իրականություն է դառնալու ՝ շատ երեխաներ ունենալ:  

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Լուսանկարեց Վաղինակ Ղազարյանը


Եռակի տոն Սարդարապատում

«Սարդարապատ» Հայաստանի ազգագրական թանգարանը եռանդով լի պատրաստվում է տոնակատարության: Մայիս ամսին այստեղ կնշվեն մի քանի կարևոր տարեդարձեր՝ Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսական  ճակատամարտի 100-ամյակը, Սարդարապատի հերոսական մարտի հուշահամալիրի  50-ամյակը, ինչպես նաև հայկական ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի հիմնադրման 40-ամյակը:

XS / MOBILE768px SM / TABLET992px MD / DESKTOP1200px LG / LARGE DESKTOP1600px XL