ՓՈՐՁԱՐԿՈՂ  ՀԵՐՈՍ  ՕԴԱՉՈՒՆ

   ՓՈՐՁԱՐԿՈՂ  ՀԵՐՈՍ  ՕԴԱՉՈՒՆ

                                ՓՈՐՁԱՐԿՈՂ  ՀԵՐՈՍ  ՕԴԱՉՈՒՆ

 Լենինի շքանշանի կրկնակի , Հոկտեմբերյան հեղափոխության, Ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշանների ասպետ, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու և վերջապես՝ Խորհրդային Միության հերոս։ Այս ամենը մեկ մարդու մասին է։ Եվ այդ մարդը մեր հայրենակից Գուրգեն Ռուբենի Կարապետյանն  է։  

 Գուրգեն Կարապետյանը ծնվել  1936 թվականի դեկտեմբերի 9-ին Սվերդլովսկում( ներկայումս՝  Եկատերինբուրգ)։ Դեռևս տասներորդ դասարանում սովորելիս ՊՕ-2 ինքնաթիռով նա իր առաջին թռիչքն է գործել։ Եվ դա տեղի է ունեցել Սվերդլովսկի աէրոակումբում, երբ տղան նոր էր բոլորել իր 17 տարին։   Հասկանալի է, որ դպրոցն ավարտելու տարում բարձրագույն ուսումնական հաստատության ընտրության հարց չի ծագել։ Գուրգենն արդեն որոշել էր, թե որտեղ է շարունակելու  ուսումնառությունը։ Դա  Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն էր, այո՝ հռչակավոր  ՄԱԻ-ն։  Պատանին որոշել էր դառնալ ավիակոնստրուկտոր։ Ընդունվում է ինքնաթիռաշինության ֆակուլտետի ուղղաթիռաշինության բաժին։

1961 թվականին Գուրգեն Կարապետյանն ավարտում է ինստիտուտը և գործուղվում է Միխայիլ Միլի անվան հատուկ կոնստրուկտորական բյուրո՝ որպես թռիչքափորձարարական ծառայության առաջատար ինժեներ։ Մեկ տարին էլ չանցած երիտասարդ մասնագետին գործուղում են Միխայիլ Գրոմովի անվան թռիչքահետազոտական ինստիտուտ՝որպես փորձարկող օդաչու վերապատրաստվելու։

 Որպես իր «աշխատանքային հիմնական գործիք» ընտրելով ուղղաթիռը, Գուրգեն Կարապետյանը չի մոռանում նաև պլաները։ Նա անգամ ռեկորդ է սահմանել այդ սպորտաձևում՝  ԿԱԻ-12 պլաներով օդում ճախրելով 6 ժամ 49 րոպե։ 

 Նրա կյանքում քիչ չեն եղել դեպքերը, երբ օդաչուի կյանքը և փորձարկվող նմուշը վտանգված էին։ Միայն բարձր պրոֆեսիոնալիզմի և րոպեապես կողմնորոշվելու հմտության շնորիվ Գուրգեն Կարապետյանին հաջողվել է փրկել  թե՜ իր կյանքը, թե՜ թանկարժեք փորձանմուշը։ Այսպես, ՄԻ-24 ուղղաթիռի փորձարկման ժամանակ, առաջին անգամ Խորհրդային Միությունում, ուղղաթիռը դառնում է անկառավարելի և սկսում է պտտվել։ Ավիացիայում դա կոչվում է «ուղղաթիռային շտոպոր»։ Փորձառու օդաչուն իրեն չի կորցնում։ Նա կատարում է 7 պտույտ և… ուղղաթիռը դուրս բերում «շտոպորից»։

 1974 թվականին Գուրգեն Կարապետյանը կատարում է մի գործողություն, որը նրանից հետո չի կրկնվել՝ ոչ ԽՍՀՄ-ում, ոչ Ռուսաստանում։  Նրա վարած ՄԻ-14 ուղղաթիռ-ամֆիբիան «վայրէջք» է կատարել ծովում։ Դա էլ բոլորը չէ։ 1980 թվականին Գուրգեն Կարապետյանն իր վարած ՄԻ-26 ուղղաթիռը, որը նրանում եղած բեռի հետ կշռում էր 50 տոննա, վայրէջք է կատարում անջատված շարժիչներով, այսինքն՝ ավտոռոտացիայի միջոցով։ Երևի Գուրգեն Կարապետյանը ադրենալինի նոր չափաքանակ է ստանում, երբ կատարում է այնպիսի թռիչքներ, որպիսիք նրանից առաջ ոչ ոք չէր կատարել։ Այդպիսի մի թռիչք նա գործում է ռազմական ՄԻ-28 ուղղաթիրով, երբ իրականացնում է «Նեստերովի օղակը» և բարձրագույն պիլոտաժի այլ ֆիգուրներ։

 Երկու անգամ Գուրգեն Կարապետյանն աչքի է ընկել իր քաղաքացիական պարտքը կատարելիս։ Նախ, 1980 թվականին ԽՍՀՄ պաշտպանության նախարար, ԽՍՀՄ մարշալ Դմիտրի Ուստինովի հրամանով գործուղվում է Աֆղանստան, որտեղ  խորհրդային զորքերի սահմանափակ կոնտիգենտին անհրաժեշտ էին  հրահանգիչ- օդաչուներ, ովքեր լեռնային այդ երկրում կռվող խորհրդային օդաչուներին կսովորեցնեին  թռիչքներ գործել  բարձր լեռնային պայմաններում։

Գուրգեն Կարապետյանը օդաչուի իր բարձր հատկանիշները ցուցաբերեց 1986 թվականի մայիսին Չեռնոբիլում՝  ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքները ՄԻ-26 ուղղաթիռով վերացնելու ժամանակ։ Նրա հայրենանվեր ու նաև  միաժամանակ  հույժ վտանգավոր աշխատանքը բարձր գնահատվեց խորհրդային կառավարության կողմից։ Նրա բազմաթիվ պարգևներին ավելացավ ևս մեկը՝  Ժողովուրդների բարեկամույան շքանշանը։

Մեր հայրենակից օդաչուի անունը 1985 թվականից գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Եվ դա զարմանալի չէ,քանի որ նրա սահմանած ռեկորդները իրոք որ եզակի երևույթ էին։ Միթե՞ զարմանալի չէ նրա այն  համաշխարհային ռեկորդը, որ նա սահմանել է 1978 թվականին։  ՄԻ-24Ա  ուղղաթիռի մոդիֆիկացված Ա-10 տարբերակով նա  զարգացրեց  ժամում 368,4 կիլոմետր արագություն։ Պակաս նշանակալի չէ նրա մյուս ռեկորդը, որը նա սահմանել է ՄԻ-26 ուղղաթիռով, երբ ունենալով 10 տոննա բեռ, բարձրացել է մինչև 6400 մետր։

 Ամփոփելով Խորհրդային Միության հերոս (կարծեմ վերջին հայազգի հերոսն է) Գուրգեն Կարապետյանի մասին այս գողտրիկ ակնարկը, ուզում ենք նշել, որ նա թռել է Միլի անվան ֆիրմայի բոլոր տիպի ուղղաթիռներով , ինքնաթիռներով , պլաներներով ու դրանց տարբեր մոդիֆիկայցիաներով։ Թռել է 40 տարի, որից 33 տարի՝ 1961-1994 թվականներին, աշխատել է որպես  փորձարկող օդաչու։ Տարիքի բերումով  հրաժեշտ տալով սավառնելուն, Գուրգեն Ռուբենի Կարապետյանն աշխատել է հարազատ ձերնարկությունում՝ Միխայիլ Միլի անվան Մոսկվայի ուղղաթիռային գործարանում, զբաղեցնելով  տարբեր ղեկավար պաշտոններ, այդ թվում նաև գլխավոր տնօրենի տեղակալ։

Արմենպրեսը սրտանց շնորհավորում է ականավոր փորձարկող օդաչուին նրա ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և  մաղթում է քաջ առողջություն և երկարակեցություն։

 Լևոն Ազրոյան, Արմենպրես ի թղթակից

 

 

 


Հայաստանի մրգերը

Հայաստանը հայտնի է որպես արևային երկիր՝ մրգերի մեծ տեսականիով։ Բերքը հավաքելու համար գյուղացիները մեծ ջանքեր են գործադրում՝ իրենց հոգին ներդնելով հողագործության մեջ։ Գուցե այդ է պատճառը, որ հայկական մրգերը, բանջարեղենը և կանաչին այդքան եզակի համային որակներ ունեն։ Մենք ցանկանում ենք ձեզ ներկայացնել հայկական մրգերը, որոնք պետք է անպայման փորձել Հայաստան այցելելիս։