Քյոլն ՝  ապրիր ինքդ, ու թող ուրիշներն էլ ապրեն

Քյոլն ՝ ապրիր ինքդ, ու թող ուրիշներն էլ ապրեն

Քիչ քաղաքներ կան, որտեղ քեզ տանն ես զգում: Քյոլնը հենց այսպիսին է: Այն ոչ միայն Գերմանիայի, այլև Եվրոպայի ամենաշատ այցելուներ ունեցող քաղաքներից է: Այս քաղաքի բնակիչների կարգախոսն է ՝ «  Ապրիր ինքդ, ու թող ուրիշներն էլ ապրեն»: Թերևս սա է պատճառը, որ տեղացիները հեշտությամբ են ընդունում ամեն նոր բան և շատ հեշտ կապ հաստատում  զբոսաշրջիկի հետ:  Նրանց պնդմամբ զբոսաշրջիկի հետ զրույցը տեղական կյոլշ գարեջրի շուրջ գերագույն հաճույք է:

Յուրաքանչյուր զբոսաշրջիկ այս քաղաքում կգտնի այն ամենն , ինչ հետաքրքիր է իրեն և կտանի իր հետ ինչ-որ յուրահատուկ բան: Գուցե այս է պատճառը,  որ ամեն օր « Կոնրադ Ադենաուեր» օդանավակայան են ժամանում մեծ քանակությամբ մարդիկ: Վայրէջք են կատարում օդանավեր Մոսկվայից, Հռոմից, Նյու-Յորքից, Դոհայից, և ապրիլի 24-ից նաև Երևանից: Շաբաթական երկու անգամ ՝  երեքշաբթի և ուրբաթ օրերին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի ուղիղ թռիչքներ դեպի Քյոլն: Տոմսերն արդեն հասանելի են www.armeniafly.com պաշտոնական կայքում:

Քյոլնը, ինչպես և շատ գերմանական քաղաքներ, բազմադեմ է: Միջնադարյան Քյոլնը միավորել է գոթական և ռոմանական ճարտարապետությունը, թանգարանային Քյոլնը Վալրաֆ-Ռիխարցի թանգարանում ցուցադրում է հռոմեական մշակույթից մինչև ժամանակակից իմպրեսիոնիզմ: Արևելյան Քյոլնը հայտնի է իր գործարար մթնոլորտով, որտեղ ամբողջ աշխարհի գործարարները հավաքվում են զանազան գործարքներ կնքելու: Մեդիա Քյոլնը Մյունխենից հետո երկրորդն է Եվրոպայում իր հեռուստաալիքների, ռադիոների և էլեկտրոնային լրատվամիջոցների քանակով: Եվ վերջապես ու ամենագայթակղիչը սովորական և հարմարավետ Քյոլն է, որտեղ կարելի է պարզապես զբոսնել, կամ մտնել ինչ-որ սրճարան՝ գինի կամ գարեջուր խմելու:

Անշուշտ, այս քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրը դասական գոթական ոճով կառուցված Քյոլնի տաճարն է: Արտաքինից այն զարմացնում է իր հսկայական չափերով և հետաքրքիր ճարտարապետական լուծումներով, իսկ ներսից յուրահատուկ զարդանախշերով և անհավանական մեծությամբ երգեհոնով: Այս տաճարը երրորդն է աշխարհի ամենաբաձր կրոնական շինությունների ցանկում ՝ 157 մետր:  
Այստեղից լավ երևում է Սուրբ Մարտինի աշտարակը ՝ աշխարհի ամենագեղեցիկ ռոմանական եկեղեցիներից մեկը:  Բացի դա, քաղաքում գործում են վաղ ռոմանական ս.Գերեոնա և ուշ ռոմանական ս. Պանթելեոն եկեղեցիները , որոնք առանձնանում են իրենց գեղեցիկ քանդակներով և զարդանախշերով:

Քյոլնում բազմաթիվ են թանգարանները, որտեղ կարելի է տեսնել ինչպես հնագիտական գտածոներ, այնպես էլ գեղանկարչության եզակի նմուշներ:  Բացի դա, հենց Քյոլնում է անցկացվում ամենամեծ արտ-ցուցահանդեսը ՝ “Արտ-Քյոլնը”: Զբոսաշրջիկների սիրելի վայրերից են շոկոլադի և օծանելիքի թանգարանները: Քյոլնը օծանելիքի հայրենիքն է համարվում: Հենց այս քաղաքում է 1709 թվականին բացվել օծանելիքի առաջին արտադրությունը , որը հետագայում հայտնի դարձավ «Eau de Cologne» (Քյոլնի ջուր) ապրանքանիշով:

Բազմադեմ Քյոլնը զարմացնում է նաև իր ամենահայտնի ու խենթ  դիմակահանդեսով, որի օրերին քաղաքը խելագարության գիրկն է ընկնում: Քաղաքացիները տրվում են զվարճանքներին , խմում տեղական գարեջուր, սիրահետում միմյանց և կատակում: Երեկոյան դիմակահանդեսային շքերթը վերածվում է հսկայական դիսկոտեկի, որտեղ հնչում է տեխնո ռեփից մինչ արտհաուս, և բոլորին հյուրասիրում են հատուկ այդ միջոցառման համար թխված յուրահատուկ կարկանդակներով:  Դիմափոխված քաղաքը վերադառնալու ցանկություն է առաջացնում :


Բացառիկ ճարտարապետության և շքեղ խոհանոցի ծննդավայր Լիոն

Ապրիլի 19-ից «Արմենիա» ավիաընկերությունը նույնպես կսկսի իրականացնել Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթը, որի տոմսեր արդեն իսկ հասանելի են armeniafly.com պաշտոնական կայքում: